Քաղաքապետի ընտրությանը ներկա էր ավագանու 5 անդամ. ընդմիջում հայտարարվեց

Երևանի ավագանու արտահերթ նիստին, որի օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրության հարցն է, ներկա էր ընդամենը 5 անդամ: Քվորում չլինելու պատճառով հայտարարվեց 30 րոպե ընդմիջում: Հանրապետական և Ելք խմբակցությունները չեն ներկայացել: Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը հայտարարեց, որ նիստին ներկայացել է ընդամենը 5 անդամ, քվորում չկա, հետևաբար նիստն իրավազոր չէ: Ընդմիջումից հետո դարձյալ կփորձեն նիստ գումարել, եթե ավագանու անդամները ներկայանան: Սակայն ավագանու ՀՀԿ և Ելք խմբակցությունները ավելի վաղ հայտարարել են, որ չեն մասնակցելու նիստին և թեկնածու չեն առաջադրել: Այս պահի դրությամբ միակ թեկնածուն Երկիր ծիրանի խմբակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն է, որը ներկա է նիստին: Դրսում մոտ մեկ տասնյակ մարդ փոքրիկ ակցիա են անում ի պաշտպանություն Փոստանջյանի: , Երևանի ավագանու Ելք խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը այսօր հայտարարել է, որ քննարկվում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին միասնական ցուցակով գնալու հարցը: