ՀԱՊԿ երկրները զենք են վաճառում Ադրբեջանին և ասում՝ հարձակվի՛ր Հայաստանի վրա, ոչնչացրո՛ւ հայերին. Նորատ Տեր-Գրիգորյանց

Վերջին 2-3 ամիսներին էապես սրվել է հայ-ադրբեջանական հակամարտությունը ոչ միայն արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին, այլև Նախիջևանի հատվածում: Ընդհանրապես Նախիջևանի խնդիրը վերջին ամիսներին շատ արդիական է դարձել: Մայիսի վերջերին ադրբեջանական կողմը սկսեց լուրեր տարածել այն մասին, որ ադրբեջանական բանակը առաջ է եկել Նախիջևանի սահմանի երկայնքով և ոչ միայն կրակի տակ է առել Արենի գյուղը, այլև վերահսկողության տակ է վերցրել Երևան-Գորիս-Բերձոր (Լաչին) ճանապարհը: Այս հայտարարությունները ավելի ուշ հերքվեցին ՀՀ ՊՆ-ի ներկայացուցիչների հրապարակած ծանրակշիռ փաստարկներով: Ամեն դեպքում հայկական կողմն էլ չհերքեց այն փաստը, որ ադրբեջանցիները առաջ են եկել միջդիրքային տարածությունում և շարունակում են սահմանին կուտակել զորք և զինտեխնիկա: Լարվածության գագաթնակետը դարձավ հունիսի 26-ին Բաքվում Ադրբեջանի զինված ուժերի կազմավորման 100-ամյակին նվիրված զորահանդեսը, որի ընթացքում Ադրբեջանը ցուցադրեց Իսրայելից, Ռուսաստանից, Թուրքիայից և այլ երկրներից ձեռք բերված իր նորագույն զինտեխնիկան՝ անօդաչու թռչող սարքերը, ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռները և այլն: Իսկ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե պատերազմն ավարտված չէ, ավարտվել է միայն դրա առաջին փուլը: Թեմայի շուրջ Factor.am-ի զրուցակիցն է խորհրդային հայտնի զորահրամանատար, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: – Պարոն Տեր-Գրիգորյանց, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Ադրբեջանը փորձում ամրապդնել կամ առաջ բերել իր դիրքերը Նախիջևանի կողմից: – Ես այժմ չեմ գտնվում պաշտպանական գծի վրա, ուստի կդժվարանամ պատասխանել հարցին: Ամեն դեպքում, որպես Հայկական բանակի հիմնադիրներից մեկը, կարող եմ ասել, որ Ադրբեջանի զինված ուժերը փորձում են ամրապնդվել օպերատիվ տեսանկյունից ամենակարևոր դիրքերում, առավել ևս, որ այս շրջանը՝ Նախիջևանը, օրենքով չի պատկանում Ադրբեջանին: Այս շրջանը նրան են հանձնել 1921 թ. մարտի 16-ին ստորագրված Մոսկվայի պայմանագրով, և նա բոլորովին այլ գործառույթներ ունի. նա չպետք է որևէ բան անի երրորդ երկրի համար, բայց փաստն այն է, որ Թուրքիան լուրջ ներկայություն ունի Նախիջևանում: Այնտեղ նախկին խորհրդային դիվիզիայի հիման վրա ստեղծվել է շատ հզոր բանակային խմբավորում: Հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես գիտեք, փչացան ղարաբաղյան հարցի պատճառով, և Ադրբեջանը պարտվեց այդ պատերազմում: 1990-ականների սկզբին Ադրբեջանի մտադրությունը հետևյալն էր՝ ոչ միայն զավթել Ղարաբաղը և ոչնչացնել հայկական բնակչությանը, ինչպես Թուրքիան արեց Արևմտյան Հայաստանում, այլև գրավել Զանգեզուրը, միանալ Նախիջևանի հետ և Նախիջևանից հարձակվել Երևանի վրա: Եվ պետք է խորին շնորհակալություն հայտնել Վազգեն Սարգսյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին, ովքեր հրավիրեցին մեզ՝ զինվորականներիս, և մենք ստեղծեցինք բանակ, և այդ բանակը ջախջախեց ադրբեջանական բանակին և թույլ չտվեց, որ դա տեղի ունենա: Հայկական բանակը 14-րդ դարից ի վեր՝ Կիլիկյան թագավորության անկումից հետո, առաջին անգամ ազատագրեց հայկական տարածք: Այնուամենայնիվ, Ադրբեջանի քաղաքականությունը չի փոխվել, և հիմա Ադրբեջանի նախագահը՝ որպես զինված ուժերի գերագույն հրամանատար, իր յուրաքանչյուր ելույթում խոսում է Ղարաբաղի և Հայաստանի ագրեսիվության մասին՝ խրախուսելով ատելությունը հայ ժողովրդի հանդեպ, այսինքն՝ իր երկիրը պատրաստում է պատերազմի: Նա ասում է, որ «Երևանը մեր հողն է»: Այսինքն՝ նա շարունակում է պանթյուրքիզմի քաղաքականությունը: Իսկ ադրբեջանցի ակադեմիկոսները, գիտնականները, լրատվամիջոցները փորձում են հիմնավորել Ալիևի խոսքերը, գրում են հոդվածներ, ռեֆերատներ, հորինում են հիմարություններ, որպեսզի ապացուցեն աշխարհին, թե իբր հայերը ագրեսորներ են: Եվ շատերը կուլ են տալիս այդ խայծը, որովհետև մեր երկիրը ոչինչ չի անում. լռում և ժպտում է: Բայց ինձ թվում է, որ պետք չէ ժպտալ, պետք է հակադարձել այդ կեղծիքին: Այսպիսով, եթե Ալիևը զինված ուժերին ասել է, որ «պետք է ազատագրենք», դա հրաման է նրանց համար, և նրանք հող են նախապատրաստում հարձակման համար: Իսկ հարձակվելու համար պետք է ստեղծվեն պայմաններ: Հարձակվում են ոչ թե ճահճից, այլ հարմար բարձունքներից: Այդ պատճառով էլ նրանք բարելավում են իրենց դիրքերը: – Ադրբեջանցիները հայտարարում են, թե իբր վերահսկողության տակ են վերցրել Երևան-Գորիս-Լաչին ճանապարհը, թեև հայկական կողմը հերքում է դա: – Իսկ ինչո՞ւ է հերքում: Նրանք ճիշտ են ասում: Չէ՞ որ այն ժամանակ էլ էր այդպես: Դուք գիտե՞ք, որ 1990-ական թթ. պատերազմի ժամանակ այդ ճանապարհը կրակի տակ էր: – Բայց մերոնք ասում են, որ սովորական զինատեսակներով ադրբեջանցիները չեն կարող գնդակոծել այդ ճանապարհը: Դրա համար պետք է գործի դնել հրետանին: – Այն ժամանակ նրանք սովորական զենքերով գնդակոծում էին բոլոր նրանց, ովքեր մոտ էին գտնվում Նախիջևանի սահմանին: Եթե գնաք այդ ճանապարհով, կտեսնեք թմբեր, լեռներ, որպեսզի գնդակի հետագիծը չդիպչի մեքենային: – Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ միասին մի քանի օր առաջ գնացել էին Նախիջևանի սահման, որտեղից ցույց տվեցին, որ հայկական կողմն ամեն ինչ վերահսկում է, Ադրբեջանը չի կարող գնդակոծել Արենի գյուղը կամ Երևան-Գորիս ճանապարհը: – Եթե ասում են, ուրեմն իրոք այդպես է: Ես չեմ կարող հերքել նախարարության ասածները: Ես կարդացել եմ այդ հայտարարությունները, բայց ես խոսում եմ ընդհանուր իրադրության, այդ բարձունքների տեղի և դերի մասին: Իմիջիայլոց, աշխարհի բոլոր երկրներում էլ զինվորականները միշտ փորձում են գրավել ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ, որպեսզի ավելի լավ դիտարկեն հակառակորդի շարժը, որպեսզի պատրաստեն իրենց զորքերը, քողարկեն իրենց մտադրությունը: Իսկ Հասանովը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը, այդպես էլ հայտարարեց, որ «մենք պատրաստվում ենք պատերազմի, և մեզ միայն խանգարում են որոշ քաղաքական իրավիճակներ»: Նա, հավանաբար, նկատի ուներ Էրդողանի ընտրությունները: Բայց նա մոռացել է, որ սա պատերազմ է Հայաստանի անկախ հանրապետության դեմ, որն անդամակցում է ՀԱՊԿ-ին: Հարձակումը Հայաստանի վրա հարձակում է ՀԱՊԿ-ի վրա, որին անդամակցում են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Տաջիկստանը: Բայց խնդիրն այն է, որ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: 1989 թ. դեկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի և Հայկական ԽՍՀ-ի Գերագույն խորհուրդները որոշում ընդունեցին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, սակայն հետագայում իրավիճակը փոխվեց և «միացում» կարգախոսն անտեսվեց: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը հռչակեցին իրենց անկախությունը: Եվ հիմա եթե հարձակում լինի Լեռնային Ղարաբաղի վրա, ՀԱՊԿ-ը չի միջամտի: Այդ պատճառով էլ ասում եմ, որ պետք է վերադառնալ այնտեղ և ապացուցել, որ դա մեր հողն է: – Այսինքն՝ Դուք կարծում եք, որ Հայաստանը պետք է ճանաչի՞ Լեռնային Ղարաբաղի անկախությունը: – Պետք է ճանաչել Ղարաբաղը, բայց մինչև ճանաչումը պետք է ապացուցել, որ Ղարաբաղը հայկական հող է, և թող չեղարկեն այն պայմանագիրը, որով Լեռնային Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանին: Ես իմ ելույթներում միշտ ասել եմ և դիմել Հայաստանի արտգործնախարարին՝ ինչո՞ւ եք բանակցություններ վարում Ադրբեջանի հետ այն հարցի շուրջ, թե Ղարաբաղի ո՞ր հատվածը պետք է հանձնել, բայց չեք բանակցում այն հարցի շուրջ, որ Ղարաբաղը մեր հողն է, մենք չենք զավթել, այլ ազատագրել ենք Ղարաբաղը, որն ինքնորոշվել է միջազգային իրավունքի հիման վրա՝ հանրաքվեի միջոցով: Չգիտես ինչու՝ աշխարհը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը: Չգիտես ինչու՝ արևմտյան աշխարհը ճանաչեց Կոսովոն, այլ երկրներ: Ռուսաստանն իր հերթին ճանաչեց Աբխազիան, Հարավային Օսիան, Ղրիմը, բայց չգիտես ինչու՝ Ռուսաստանը նույնպես չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը: Նշանակում է՝ ինչ-որ քաղաքականություն կա: Չնայած ինչո՞ւ ենք խոսում Ռուսաստանի մասին, երբ նույնիսկ Հայաստանը չի ճանաչում, չի ապացուցում, որ դա իր հողն է: – Իսկ ինչպե՞ս պետք է ապացուցի: – Շատ պարզ: Պետք է ապացուցի Դաշնային խորհրդում, Միավորված ազգերի կազմակերպությունում: Պետք է ներկայացնի բոլոր արձանագրությունները, փաստաթղթերը և բանակցություններ վարի Ռուսաստանի Դաշնության հետ, որպեսզի չեղարկվի 1921 թ. հուլիսի 5-ին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի ընդունած որոշումը Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու մասին: Մենք գրել ենք «Իզվեստիա» թերթում մոսկովյան պայմանագրի դենոնսացիայի մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանեց, որ այո, հիմա հաստատվել են սահմաններ… Հետո ի՞նչ, որ հաստատվել են: Եկեք հավաքվենք սեղանի շուրջ, համաժողով կազմակերպենք և պարզենք՝ մի՞թե հայերը զավթիչներ են, մի՞թե հայերն են սկսել պատերազմ Ադրբեջանի դեմ: Ո՛չ: Ո՞վ է հարձակվել Ադրբեջանի վրա: Ոչ ոք: Նրանք են իրենց վրա հարձակվել: Ըստ խորհրդային օրենքի՝ Ղարաբաղը մտնում էր Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ: Բայց դա հայկական հող է, և այդ մարդիկ պաշտպանում էին իրենց տները: Եվ Ադրբեջանը հայերին անվանում է ագրեսոր: Ագրեսոր է անվանում այն մարդկանց, ովքեր պարզապես պաշտպանում էին իրենց տները: Ղարաբաղի ժողովուրդը փորձում էր ազատագրվել, բայց նրան անվանում էին ագրեսոր: Եվ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում այդպես էլ արտացոլված էր, որ «դուք օկուպանտ եք»: Ինչպե՞ս թե՝ օկուպանտ: Այնտեղ կռվում էին տղամարդիկ և պաշտպանում էին իրենց տները, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձևեր էր ընդունում և ասում՝ «հեռացրեք այդ տղամարդկանց այնտեղից, նրանք օկուպանտ են»: Ստացվում է՝ դու պաշտպանում ես քո տունը, բայց քեզ օկուպանտ են համարում: Հեռացիր այդտեղից՝ թողնելով քո տունը: Հասկանո՞ւմ եք, թե ինչ հիմարություն է: Եվ այդպիսի տեսք ունեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերը: Դրա համար էլ ես ասում եմ Հայաստանի արտգործնախարարին՝ տեսեք, թե ինչ բանաձևեր են: Բոլոր բանաձևերը պետք է վերանայվեն: Մանրամասները՝ factor.am-ում