«Նորահայտ աղանդավորական շարժման խթանիչներից՝ Կորյուն աբեղայի հերթական սուտը». հայտարարություն

Նորահայտ աղանդավորական շարժման խթանիչներից Կորյուն աբեղան երեկ` Վաղարշապատ քաղաքում կատարեց իբր թե բացահայտում, ըստ որի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սրբություններն ու մասունքները վաճառվում ու կեղծվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նրա լծակիցների ու համախոհների կողմից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ սուտը երևաց նաև տեղեկատվական դաշտում` հարկ համարեցինք հանդորրամտություն Սբ Էջմիածնի Թանգարանների բազմաթիվ այցելուների և մեր Սուրբ Եկեղեցու հավատացյալների հանդես գալ սույն հայտարարությամբ:
Խստորեն դատապարտելով կարգազանց այդ սքեմավորին` հայտնում ենք, որ վերոնշյալ անձը և այդ շարժման ղեկավարներն առհասարակ հերթական սուտ ու անհիմն տեղեկությունն են տարածում իրենց հետևորդների շրջանակներում` մոլորեցնելով նաև բարեմիտ հավատացյալներին:Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բոլոր սրբություններն ու մասունքները, ինչպես նաև թանգարանային առարկաները, ոչ միայն անձեռնմխելիորեն և ապահով պահվում ու ցուցադրվում են Մայր Աթոռի թանգարաններում, այլև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության տարիներին հարյուրավոր պատմամշակութային ու գեղարվեստական առարկաներով (մասունքներ, հինավուրց խաչքարեր, ձեռագրեր, հնատիպ գրքեր, սրբանկարներ, աստվածպաշտական ու նվիրական առարկաներ, եկեղեցական զգեստներ, գործվածքներ, գեղանկարներ, հին մետաղադրամներ ու թղթադրամներ, հուշադրամներ) համալրվել են: Հատկապես հիշատակարժան են երանաշնորհ Հովհաննես-Պողոս Բ. Հռոմի Պապի կողմից հանձնված Սբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի մասունքները, ինչպես նաև` Սանկտ-Պետերբուրգի Պետական Էրմիտաժի կողմից հռչակավոր Սկևռայի մասունքարանի վերադարձը Հայաստանյայց Սուրբ Եկեղեցուն: