ՀՔԾ հատկապես կարևոր գործերով քննիչը կասկածվում է 10 հազար դոլար կաշառք պահանջելու և ստանալու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչ Հայկ Հովհաննիսյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Հ. Հովհաննիսյանը իր վարույթում քննվող քրեական գործում ներգրավված մարզերից մեկի դատավորի օգնականի օգտին ինչ-որ գործողություններ չկատարելու, դատավորի օգնականի հանցավոր գործերը քողարկելու միջոցով այդ ամենին իրավական գնահատական չտալու համար 2017 թվականի սեպտեմբերին որպես կաշառք դատավորի օգնականից պահանջել և ստացել է 10 հազար ԱՄՆ դոլար։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ազգային անվտանգության ծառայությունում ունեն հիմնավոր ապացույցներ, որ իրենց ստացված օպերատիվ տվյալները հավաստի են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: